 |
Էկրան... Էկրանին, երեկ, Հայտնվեց ծանոթ մի դեմք, Ու խռոված հայտնեց, որ ինքը, Որպես նորօրյա Մհեր, մտնում է քարանձավ։ Չդիմացա՝ թքեցի էկրանին... Հորս զայրույթը կախվեց աչքերից, Բայց այդպես էլ բառ չդարձավ։ Զարմիկս, որ «նորօրյա» բառը բաց էր թողել, Զարմացավ. «Հոպար, ինչի Փոքր Մհերը Քարանձավից դուրս էր եկե՞լ»։ - Չէ,- ասացի,- բայց նորից է ուզում մտնել... Հականո՞ւմ ես, ջանս, մերոնցից շատերն Իրենք իրենց կարգում են Տիգրան Մեծ, Սասնա Դավիթ, Քարը ճաքի՝ Նժդեհ կամ Անդրանիկ... Երբ տեսնում են ճար չկա՝ Փոքր Մհեր (թեև Քաջ Նազարն ավելի կսազեր)... Ու մեր քաջնազար-մհերները, Չնայած էպոսի բազմախորհուրդ լինելուն, Հասկանում են այն միակերպ. Դուրները գալիս է, որ կարող են Խռոված հանճար ու պետական գործիչ խաղալ, Ու բոլորը, բոլորը շտապում են Ագռավաքար։ Աում են այնտեղ հերթեր են գոյացել, Քարանձավի պատերին էլ գովազդներ կան. «Մերն քարանձավն էլ ուրիշ է», «Վսահեք Ձեր փողերն Ագռավաքար բանկին, Մեր երաշխավորն աշխարհահռչակ Փոքր Մհերն է»... Ապագա քարանձավականներն ունեն կուսակցություններ, Եվ գործում է շատ օրինակելի ՔԱԺ՝ Քարանձավական Ազգային Ժողով, Ուր աչալուրջ հետևում են, որ նիստերի ընթացքին Չմիջամտեն հանապազօրյա սնունդ հայթայթող Տարբեր բույսեր, կենդանիներ ու կրծողներ։ Նրանց պլանների մեջ մտնում է նաև Քարանձավից Մհերին վտարելը. Համ տեղ կազատվի (շատ հսկա է Մհերը), Համ էլ ազգօգուտ, ռազմԱՎԱՐական ծրագիր է... Այստեղ միակարծիք են Մհերին վռնդելու հարցում, Եվ տարակարծիք՝ վտարման միջոցների, Ու վտարելուց հետո՝ քարանձավի Տարածքները բաժանելու հարցում... Երկար բանավիճեցին «ռազմավարական» բառի շուրջ, Քանզի թվում էր, թե խոսքը ռազմելուց հետո Սովորաբար անխուսափելի՝ «ավար»-ի մասին է, Բայց հետո, մի քարանաձավական, ՔԱԺ-ին գլխի գցեց, Որ այս բառի հիմքում, ռազմական գործողություններ «վարել»-ն է, Բայց արդեն ուշ էր, ծրագրում գրված էր ՌազմԱՎԱՐական... Քաղաքական պաստառներ էլ կան՝ ՙԱռա՛ջ քարանձավ», «Բարեկեցիկ քարանձավականներ՝ բարգավաճ քարանձավ», «Պայքար, պայքար, մինչև չըխկլը-բաց կամ չըխկլը-փակ»... Զարմիկս սկսեց քրքջալ, Իսկ հորս զայրույթը վերջապես ձայնի կերպ առավ. - Հերիք է ախմախ բաներ դուրս տաս, Փոխանակ «Սասնա Ծռերը» կարդաս... - Պապի,- մեջ ընկավ զարմիկս,- արդեն կարդացել ենք... Ապա դարձավ ինձ. «Մհերի հետ Քուռկիկ Ջալալին էլ է մտել քարանձավ, չէ՞»։ «Հա,- ասացի,- լավ է Պեգասին էլ չեն համոզել, Թե չէ մերի պես՝ աշխարհի բանն էլ բուրդ կլիներ... Ախր Քուռկիկը մեր Պեգասն է, որ մեր ոգին, Մեր ստեղծագործ ուժը պիտի հասցներ աստղերին...»... Էստեղ էլի էկրանը միջամտեց. «... գրականագետի կարծիքով, արդի գրականությունը Չափից ավելի է միտված սեփական «ես»-ին, Սեփական պորտն ամեն ինչից վեր դասելուն, Մանր-մունր կրքերին հագուրդ տալուն, Սուբլիմատիվ է, գարշահոտ ու գռեհիկ։ Սա արդեն տաբու ջարդելու խնդիր չէ, Այլ գրական-մշակութային ամենաթողության արդյունք։ Ըստ գրականագետի՝ այս երևույթը պայմանավորված է Ոչ միայն խորհրդային տարիների գաղափարագրականության իներցիոն դրսևորումներով, Այլ գրոտեսկի ու սկանդալի հաշվին՝ էժան համբավ Ու հեղինակություն ձեռք բերելու ցանկությամբ...»... - Ըհը՛,- քմծիծաղեցի,- իսկ մեր Քուռկիկը Փակվել է Ագռավաքարում ու դուրս գալու միտք չունի, Տնաշենը մենակ խրխնջում ու բնական կարիք է հոգում, Հետն էլ շաբաթը մի անգամ՝ ուրբաթ օրերին է ջուրը քաշում... - Հերիք է ապուշ բաներ դուրս տաս, Երեխուն էպոսից կվանես, ինչե՞ր ես խոսում։ - Այն, ինչ ունենք, պապ, ճշմարտությունը, Ու դրանից երեխան ոչ թե էպոսից է հիասթափվում, Այլ մեր այսօրվա «Տիգրան-Դավիթ»-քաջնազարներից, Ու դրանով էպոսը գարշահոտությունից մաքրվում է։ Ու էպոսային ժամանակաչափման մեջ, Հիմա համբարձման գիշեր չէ, ոչ էլ Վարդավառի, Երբ Մհերը մի քանի ժամով դուրս է գալիս ու «... Քառսուն ավուր ճամբա մեկ ժամվա կ՚երթա»... Մհերն Աստծո հրեշտակների դեմ դուրս եկավ ու չպարտվեց։ Մհերը, պապ, Նարեկացին էր, Թումանյանն էր, Կոմիտասն էր, Չարենցն էր, Նժդեհն էր, Անդրանիկն էր, Ավոն էր, Թաթուլն էր... Հիմա ուրբաթ է, ու ընդամենը՝ Մհերի ձիու «... ջուր կը գա, կաթի եդ քարեն...», Էկրանից հենց նոր լսածդ վկա... Չէի նկատել ոնց է զարմիկս «Սասնա Ծռերը» բերել, Ու ձեռքս խոթել. մեջբերում էի բառ առ բառ... - Քարանձավ են մտնում,- հերսոտած մրթմթրացի, Ու նորից թքեցի էկրանին... Հորս կատաղած հայացքը հուշեց, Որ անմիջապես չքվել է պետք... - Ռադդ քաշի մայլա, հավեսդ չկա, Գնա՜, լիքը գործ կա մայլեն, փի՛-լի՛-սո՛-փա՜... Գնացի։
|
 |